Վերջերս Ռուսաստանը տեղեկություն տարածեց, որ «ՄԻԳ-29» կործանիչները հանում է արտադրությունից: Հնարավոր է շատերի մոտ հարց առաջանա, թե ինչո՞ւ է լեգենդար դարձած կործանիչը դուրս բերվում արտադրությունից, սակայն դրա համար իրականում կան օբյեկտիվ պատճառներ:

«ՄԻԳ-29»-ը խորհրդային արտադրության առաջին 4-րդ սերնդի կործանիչն է՝ նույն սերնդի խորհրդային կործանիչներից ամենաշատ պատերազմածը, ունի հիանալի խուսավարություն, ամենամեծ վերամբարձ արագացումը (330 մ/վ), սակայն ռազմական մեքենայի մարտական ուղին այնքան էլ լի չէ փառքի դափնիներով:

Մինչեւ օրս արտադրվել է այս կործանիչի ավելի քան 1700 նմուշ, որոնց զգալի մասը վաճառվել է այլ երկրների, եւ մասնակցել մեկ տասնյակից ավելի մարտական գործողությունների:

Կիրառվելով Իրաքում, Հարավսլավիայում, Աֆրիկայում, Հնդկաստանում եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում` «ՄԻԳ-29»-ն օդային մարտերում պայքարել է իր սերնդակից կործանիչների դեմ եւ չունենալով ոչ մի ապացուցված հաղթանակ` կրել է մոտավորապես 15 պարտություն:

Եթե ամերիկյան կործանիչների հետ մարտերում որոշիչը, ինչպես պնդում են շատերը, եղավ ամերիկյան կործանիչների քանակը եւ օդային մարտի ղեկավարման լավ համակարգը, ապա Աֆրիկայում իրադրությունը բոլորովին այլ էր: Օդում էին երկու խորհրդային կործանիչներ ՝ «ՄԻԳ»-ը եւ «ՍՈՒ»-ն, բայց գրեթե բոլոր մարտերում «ՄԻԳ-29»-ը զիջել է «ՍՈՒ-27»-ին: 

1999թ. մայիս-հուլիս ամիսներին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ տեղի ունեցած Կարգիլյան հակամարտության ժամանակ բարձր լեռնային պայմաններում ոչ մի խորհրդային արտադրության ինքնաթիռ չկարողացավ մարտական խնդիրը կատարել անհրաժեշտ որակով: Ի վերջո հիմնական բեռն ընկավ ֆրանսիական «Mirage-2000» կործանիչի վրա: Հատուկ նշենք, որ «Mirage-2000» եւ «ՄԻԳ-29» կործանիչները համարվում են նույն սերնդի եւ մրցակից մեքենաներ:

«ՄԻԳ-29»-ի մարտավարատեխնիկական տվյալները այնքան էլ փայլուն չեն: Կործանիչի դատարկ քաշը իր մրցակիցներից ամենամեծն է, մարտական թռիչքի շառավիղը ամենափոքրը, իսկ ռմբատարողությունը ամենաքիչը, վառելիքի ծախսը ամենամեծը: Օրինակ՝ նույն խորհրդային ՍՈՒ-27-ը յուրաքանչյուր կմ-ի համար ծախսում է մոտ մեկ լիտր պակաս վառելիք:

ՄԻԳ-29-ի չափերով եւ բնութագրությամբ մոտիկ ֆրանսիական Mirage-2000 կործանիչը եւս յուրաքանչյուր կմ-ի համար ծախսում է մոտ մեկ լիտր պակաս վառելիք: «ՄԻԳ-29»-ն իր թեւերի տակի կախոցներից 1000 եւ 1500 կգ-ոց ռումբ չի կարող տանել: Mirage-2000-ը կարող է թեւերի տակ կրել երկու մինչեւ 2000 կգ ռումբ կամ հրթիռ, իսկ ֆյուզելյաժի տակ մինչեւ 1300 կգ:

Mirage-2000 վերգետնյա նշանակետերին հարվածելու հնարավորությունները ուղղակի նախանձելի են, ինչը ապացուցվեց նաեւ Հնդկաստանում: Իսկ կործանիչի որոշ հատուկ տեսակները կրում են աշխարհի լավագույն ԹՀ-նեից մեկը` Storm Shadow / SCALP-ը: Դրանով սովորական միաշարժիչ կործանիչը վերածվում է օպերատիվ մարտավարական խնդիր կատարող ռմբակոծիչի:
F-16C կործանիչները եւս ֆրանսիականի նման ունենալով մեկ շարժիչ ունի հետեւյալ տվյալները:

Լրիվ վառելիքի պայմաններում (ներքին բաքերում 3200-3500 կգ) կործանիչը կարող է կրել մինչեւ 5000 կգ ռումբ: Նման ռումբերի բեռով այն կարող է թռչել մինչեւ 2000 կմ: Կենտրոնական կախոցներից F-16C-ը կարող է կրել մինչեւ 1587 կգ բեռ, կան նաեւ 1000 կգ կրող կախոցներ:

«ՄԻԳ-29» կործանիչով վերգետնյա նշանակետերին հարվածելու փորձ եւս կա, որը, բնականաբար, ավարտվել է վատ արդյունքներով: 1992թ. հունիսի 22-ին Մոլդովական ՌՕՈւ-երի երեք «ՆԻԳ-29» կործանիչների անձնակազմներն առաջադրանք ստացան ռմբակոծել Դնեստր գետի վրայի այն կամուրջը, որը միացնում էր Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլը Բենդերի քաղաքի հետ: Ռմբակոծման ենթակա կամուրջը կործանիչների տեղակայման վայրից` Մարկուլեշտի օդանավակայանից հեռու է մոտավորապես 200 կմ:

«ՄԻԳ-29»-երն առաջադրանքի կատարման համար զինվեցին յուրաքանչյուրը վեց հատ 250 կգ-ոց ռումբերով: Անմիջապես ռմբակոծությանը մասնակցեցին երկու կործանիչ, սակայն նետված ռումբերից ոչ մեկը նշանակետին չդիպավ: Ավելին ռումբերից երկուսը ընկան կամուրջի կողքի Պարկանի գյուղի վրա խաղաղ բնակչությանը պատճառելով զգալի վնասներ:

«ՄԻԳ-29»-երը արդեն վաղուց չեն համապատասխանում ժամանակի պահանջներին եւ վաճառվում են միայն այն երկրներին որոնց համար ՌՕՈւ-երը ունեն զուտ խորհրդանշական նշանակություն, կամ այդ երկրները լրջորեն կախված են ռուսական զինատեսակների մատակարարումներից եւ հիմնականում տարբեր պատճառներով հնարավորություն չունեն այլ բան ընտրել:

Պատահական չէ, որ իր ՌՕՈւ-ի կազմում մեծաքանակ նման կործանիչ ունեցող Հնդկաստանը վերջին մրցույթից դուրս թողեց անգամ «ՄԻԳ-29»-ի ամենավերջին զարգացում հանդիսացող «ՄԻԳ-35»-ին: Հնդկական ՌՕՈւ-երի օդաչուները հիանալի հնարավորություն ունեին երկար տարիների ընթացքում համեմատել խորհրդային այս եւ այլ կործանիչները ֆրանսիական վերը նշված կործանիչի հետ:

Հայաստանի անմիջական հարեւաններից Ադրբեջանը 2007թ. ի վեր որոշ տվյալներով ձեռք է բերել շուրջ երկու տասնյակ«ՄԻԳ-29»-ը, որոնցից մեկն ուսումնավարժական թռիչքներից մեկում կործանվել է՝ ընկնելով Կասպից ծովը:

Արծրուն Հովհաննիսյան