Ներկայացնում ենք հատված թերթի խմբագրականից:
Երբ ասում են, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ, դա միանգամայն ճիշտ է: Բայց մեր համաքաղաքացիները վախենում են ոչ միայն կոռումպացված, բյուրոկրատացած պետական մարմիններից եւ նրանց «հաբրգած» չինովնիկներից, այլեւ… ընդդիմությունից: Փորձեք, օրինակ, մի փոքր կասկած հայտնել, որ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպում իրենց մեղքն ունեն նաեւ ընդդիմադիր երիտասարդները, ձեզ նույն րոպեին կներկայացնեն որպես ավազակապետության սպասարկու: Այդ շանտաժից վախենալով մարդիկ բերանները ջուր են առել կամ, որն ավելի վատ է` կեղծավորություն ցուցաբերելով, մեղքը ամբողջությամբ դնում են ոստիկանների վրա:
Ոչ ոք չի բացատրում` այդ ի՞նչ ապօրինություն էին թույլ տվել ոստիկանները, որ ՀԱԿ-ի ակտիվիստների մոտ անդիմադրելի ցանկություն առաջացավ` կանգնել անծանոթ մարդկաց «թասիբին»: Եվ ընդհանրապես` եթե ոստիկանները, ենթադրենք, որեւէ մեկին խուզարկում են, արդյոք ես` պատահական անցորդս, իրավունք ունե՞մ խուզարկման պահին նրանցից հաշվետվություն պահանջելու` այդ գործողությունների օրինականության վերաբերյալ եւ տեղում որոշելու` դրանք օրինական են, թե ոչ: Թե՞ այդ իրավասություններն ունի միայն Կոնգրեսի երիտասարդական թեւը:
Ամենեւին հակված չեմ արդարացնելու ոստիկանության գործողությունները կամ հալած յուղի տեղ դնելու ոստիկանապետի բացատրությունները: Մենք ունենք հայ երիտասարդների երկու խմբեր` մեկը համազգեստով, մյուսը` առանց, եւ երկուսի գործողությունները, իմ տեսանկյունից, դատապարտելի են: Իսկ դրա մեղավորը մենք ենք` նրանց ծնողները:




























