Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի եւ Փաշաեւների (Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքն է) միջեւ ընթացող պայքարը իր գագաթնակետին է հասել:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը` նշելով, որ Փաշաեւները Ադրբեջանի ղեկավար օղակներում ազդեցիկ դիրքեր զբաղեցնող Հեյդարովի «մարդկանց» ընդգրկում են իրենց ազդեցության գոտում: «Մուսավաթը» մասնավորապես նշում է, որ Փաշաեւների ճամբար են անցել եկամուտների նախարար Ֆազիլ Մամեդովը, աշխատանքի հարցերով պետական կոմիտեի նախագահ Քերեմ Հասանովը, Կասպից ծովի նավահանգստի պետ Այդըն Բաշիրովը:
Նշենք, որ վերոնշյալ անձինք ոչ միայն «արտակարգ» նախարարին գլխավոր հենարաններն էին, այլ նաեւ նրա եկամուտի հիմնական աղբյուրները:
Աղբյուրը հայտնում է, որ Փաշաեւները լուրջ հարվածներ են հասցրել նաեւ Հեյդարովի բիզնեսին, օրինակ` լուրջ խոչընդոտներ են ստեղծվում «Bakcell» հեռախոսային կապի օպերատորի գործունեության համար, ինչի արդյունքում կապն այլեւս անմրցունակ է դարձել շուկայում:
«Մի խոսքով, ժամանակին Հեյդարովին հավատարիմ պաշտոնյաները այժմ Փաշաեւների ենթակայության ներքո են ծավալում իրենց գործունեությունը: Ըստ էության, Փաշաեւները, մոտ ապագայում Հեյդարովի հիմնական լծակները ձեռքից առնելով, նրան ամբողջությամբ զինաթափելու են»,- եզրափակում է «Մուսավաթ»-ը:




























