Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ աղետի գոտու բնակարան ստանալու հավակնորդ անօթեւան ընտանիքների բնակարանային սեփականության առկայության վերաբերյալ պետկադաստրի կողմից տրամադրվող սխալ տեղեկությունների պատճառով քաշքշուկների մեջ են հայտնվում սոցիալապես ծանր պայմաններում ապրող հարյուրավոր անօթեւան ընտանիքներ:
«Շիրակ» կենտրոնից հայտնում են, որ իրենց հաղորդագրությունում որպես կոնկրետ փաստ նշվել էր նման խնդրի առաջ հայտնված հարյուրավոր ընտանիքներից մեկի` գյումրեցի անօթեւան, նպաստառու Պետրոսյանների հինգ անձից բաղկացած ընտանիքի դեպքը, երբ պետկադաստրն ընտանիքի անդամների անունով չորս հատ Երեւանում եւ մեկ հատ էլ Գյումրիում սեփական բնակարան ունենալու մասին տեղեկատվություն էր ուղարկել աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովին: Եվ որպեսզի այդ ընտանիքը կարողանար մասնակցել բնակբաշխման գործընթացին, պետք է կարողանար անձամբ ապացուցել, որ այդ բնակարաններն իրենը չեն: Իսկ դա ենթադրում է որոշակի գումարների ծախսում եւ զգալի թղթարարություն:
Ներկայումս աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացում հաճախակի հանդիպող այդ երեւույթի բացառման նպատակով «Շիրակ կենտրոնը» ՀՀ բարձրագույն իշխանություններին մի շարք դիմումներ, հաղորդագրություններ եւ տեղեկատվության հարցումներ է ուղարկել:
Մեր կողմից առաջ քաշված խնդրին նախորդ շաբաթ անդրադառնալով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն երեւույթը բացատրել էր իրենց համակարգում քաղաքացիների սեփականության մասին ոչ ամբողջական տեղեկատվության առկայությամբ:
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ստացվեց պատասխան նամակ, որում ասվում է, թե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այսուհետեւ Երեւանում եւ հանրապետության այլ համայնքներում անօթեւան ընտանիքների անունով գրանցված սեփականության վերաբերյալ տեղեկատվությունները ճշտելու է ՀՀ քաղաքաշինության նախարությունը կադաստրի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:




























