Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված ակտիվիստների հարցը գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ։ Օգոստոսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի հետ երկխոսող կոալիցիոն պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նա նախընտրեց զերծ մնալ «բացառապես իրավական հիմքեր ունեցող» գործի վերաբերյալ մեկնաբանություններից։ Միտքը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Մինասյանը «անհեթեթ» համարեց։
Ձերբակալված ակտիվիստների հարցը, հիշեցրեց Գագիկ Մինասյանը, եղել է կոալիցիայի եւ ՀԱԿ-ի՝ երեքշաբթի կայացած հանդիպման քննարկման հիմնական թեման։ Նա միաժամանակ նշեց, որ նրանց ազատարձակման հարցը չի քննարկվել։ «Մենք այս առումով որեւէ հայտարարություն անել եւ խոստանալ չենք կարող։ Մեր պատվիրակությունից նման բան սպասելն անհիմն է»,- հայտարարեց Մինասյանը։




























