Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին եւ Վիետնամի փոխվարչապետ Ֆամ Բին Մինը բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում համաձայնել են ինչպես հարկն է կարգավորել վեճերը Հարավչինական ծովի տարածքների պատկանելության վերաբերյալ եւ ավելի ամրապնդել երկկողմ կապերը, գրել է The South China Morning Post թերթը։

«Բախվելով ռիսկերի եւ մարտահրավերների՝ Չինաստանն ու Վիետնամը պետք է ժառանգեն հատուկ բարեկամությունը, ամրապնդեն միասնությունը եւ փոխադարձ վստահությունը, խորացնեն փոխշահավետ համագործակցությունը»,- նշվել է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Վիետնամական կողմը, իր հերթին, ուշադրությունը շեշտադրել է  Չինաստանի հետ առեւտրային հարաբերություններում առկա խնդիրները։

«Չինական շուկաների բացման առաջընթացը վիետնամական գյուղատնտեսական արտադրանքի համար  դանդաղ է ընթանում։ Երկու երկրների միջեւ հաղորդակցությունը նախկինի պես խոչընդոտվում է Covid-19-ի համավարակով»,- նշվել է հայտարարությունում, որը տարածել է Վիետնամի տեղեկատվական գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, երկրները  պայմանավորվել են արագացնել դիվանագիտական մակարդակով թեժ գծի ստեղծումը՝ լուծելու համար Հարավչինական ծովում ձկնորսության հետ կապված միջադեպերը։