Հայաստանից մեկնած արշավախումբը հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը Արեւմտյան Հայաստանում (ժամանակակից Թուրքիա) անցկացված գիտական հետազոտությունների ընթացքում Դերսիմ քաղաքում եկեղեցի է հայտնաբերել` հայկական արձանագրություններով: Այդ մասին հայտնել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը օգոստոսի 17-ին կայացած ասուլիսում:
«Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ մենք մասնավորապես հետազոտել ենք Համշենի, Դերսիմի տարածքները, տեղական ավանդական երաժշտական գործիքները, երգերն ու պարերը, բանահյուսության բազմազանությունը. հեքիաթներ, ասացվածքներ, աղոթքներ եւ այլն»,- ասել է Հ.Խառատյանը:
Բացի այդ, ասուլիսի մեկ այլ բանախոս, «Վան» ծրագրի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը նշել է, որ Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության կողմից կազմակերպված «Վան» նախագծի շրջանակներում հայ երաժիշտները հանդես են եկել Արգուվանի երաժշտական փառատոնում, Մնձուրի բնության եւ մշակույթի փառատոնում` մասնակցելով Դերսիմի Օվաջըկ (հուլիսի 29) եւ Խոզաթ (հուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին:
Քարտաշյանի խոսքով, հայ երաժիշտների ելույթի ժամանակ տեղաբնիկներն ասել են. «հայերի հեռացումով մեր տարածքից վերացավ նաեւ մեր մշակույթը» եւ նշել, որ իրենք իրենց հայ չեն համարում, սակայն հայ ժողովրդի հանդեպ որոշակի ջերմություն են զգում:
Իր հերթին, ասուլիսի երրորդ բանախոս, «Երկիր» նախագծի համակարգող Ռոբերտ Թաթոյանը հայտնել է, որ սեպտեմբերին «Վանի» երաժիշտները Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամի հրավերով ելույթ կունենան Ստամբուլում: Այնուհետեւ Դիարբեքիրի քաղաքապետի հրավերով «Վանը» մասնակցելու է Դիարբեքիրում հակական եկեղեցու բացման արարողությանը. եկեղեցին այժմ վերականգնվում է»,-նշել է Ռ. Թաթոյանը:
Նշենք, որ գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների եւ «Ֆինեկո» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ:



























