Երեկ` օգոստոսի 17-ի ուշ երեկոյան, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վահրամ Մարգարյանը, ով կասկածվում է Երեւանի Զաքյան 4 շենքի մոտ օգոստոսի 2-ին Ռուսաստանի քաղաքացի, 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նաեւ հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանում Կենտրոնի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է F1 տիպի մեկ նռնակ` պայթուցիչով եւ նռնակի մեկ պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական փորձաքննության, հետաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում օգոստոսի 2-ին ժամը 21:16-ին հաղորդում է ստացվել, որ Զաքյան 4 շենքի մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ հրազենային կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի Խաչիկ Գալոյանը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Տղամարդու մահը վրա էր հասել հրազենային մի քանի կրակոցների հետեւանքով: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Սպանվածը ռուսաստանցի գործարար էր եւ Տուապսե քաղաքում զբաղվել է բետոնի արտադրությամբ: NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա:
Օրեր առաջ էլ նույն գործով ձերբակալվել էր 55-ամյա Բորիս Հաիրյանը, ում որդին` Տիգրանը` «Բաքսյոր Տիկո» մականունով, սպանվել էր մեկ տարի առաջ, Տուապսեում:
Նշենք, որ բերման ենթարկված Վահրամ Մարգարյանը Հունգարիայում 2004թ. փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:




























