Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպայման փորձ կձեռնարկի վերադառնալ իշխանության, եթե նման հնարավորություն ունենա: Այդ մասին այսօր` օգոստոսի 18-ին, կայացած ասուլիսում հայտնել է «Հնչակյան» կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը` խոսելով 2013 թ. նախագահական ընտրությունների մասին: Նրա խոսքով, Քոչարյանը իշխանական հակումներով անձնավորություն է:
«Յուրաքանչյուր հայի պարտքն է թույլ չտալ նրան վերադառնալ մեծ քաղաքականություն»,-շեշտել է հրապարակախոսը` նշելով, որ ոչ ոք Հայաստանին այնքան վնաս չի բերել, որքան երկրորդ նախագահը: «Հենց նրա օրոք հասարակության բարոյալքվածությունը հասավ իր գագաթնակետին, սոցիալական ժգնաժամը խորացավ, նա հիմնավորապես քանդեց երկրի տնտեսությունը: Շատ ավելին կարելի է ասել»,-շեշտել է նա:
Խոսելով Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին` Շիրխանյանը նշել է, որ ազգային հարցում նա իրեն շատ ավելի լավ դրսեւորեց, քան նրա նախորդները: «Սարգսյանը կարողացել է մի քանի քայլ առաջ գնալ բոլոր առանցքային հարցերում` ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այլն: Եթե նա կարողանա հաջողությամբ լուծել սոցիալական խնդրները, ապա, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի»,- հայտնել է Շիրխանյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն, ըստ էության, կպաշտպանի սփյուռքը:




























