ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օդային փոխադրումների հայրենական ոլորտը հարվածի տակ է՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Նա ընդգծել է, որ իրավիճակը սրվել է «ոչ ադեկվատ պատժամիջոցների» եւ «մեր նախկին արեւմտյան գործընկերների որոշումների պայմաններում»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հենց նախկին, քանի որ նրանք հրաժարվում են աշխատել մեզ հետ»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, քանի որ այն խթանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի զարգացումը եւ աշխատատեղեր ստեղծում՝ միաժամանակ «կարեւոր դեր խաղալով տրանսպորտի հասանելիության ապահովման գործում», հաղորդում է MK-ն։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ հայտարարել է քաղաքացիական ավիացիայի զարգացման համար տնտեսական մոդելի ստեղծման անհրաժեշտության մասին, որը կորոշեր ավիափոխադրումների որակի եւ մատչելիության պահանջները։

Նա նաեւ մատնանշել է ավիաշինարարների եւ ավիաընկերությունների շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ ռուսական ինքնաթիռների գնման եւ օգտագործման համար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով։