ԱԳ փոխնախարար եւ ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆարուք Քայմաքչին հայտարարել է, որ Բրյուսելի հետ Անկարայի հարաբերությունները չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, եւ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է Թուրքիայի գլխավոր նպատակը, գրում է Anadolu-ն։

Այս մասին Քայմաքչին ասել է երեքշաբթի Անկարայում «Ընդհանուր խնդիր. տարբեր մշակութային հեռանկարներ» նախագծի քննարկման նպատակով հանդիպումից հետո։

Քայմաքչիի խոսքով՝ քաղաքացիական հասարակության երկխոսությունը շատ կարեւոր է Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակությանը, ասել է նա։

Քայմաքչին պատմել է նաեւ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների կարեւորության մասին։

«Բրյուսելի հետ Անկարայի հարաբերությունները չեն սահմանափակվում համատեղ նախագծերով, Թուրքիայի հիմնական նպատակը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է։ Այս ընթացքում Թուրքիան նախատեսում է ընդլայնել ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած Մաքսային միության նորացումից, առանց վիզայի ռեժիմի ներդրումից, մինչեւ անվտանգություն ու պաշտպանություն։ Թուրքիան այսուհետ եւս կշարունակի գործել ամենայն վճռականությամբ»,- ասել է նա։