Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է երկրից ալաբայ ցեղատեսակի շների արտահանումը, հայտնում է Mediazona-ն։

Շների բուծման եւ կինոլոգիական գործունեության մասին օրենքը սահմանափակում է հազվագյուտ կամ անհետացող շների ցեղատեսակների, ինչպես նաեւ «Թուրքմենստանում բուծված բարձրարժեք պոպուլյացիաների» արտահանումը։ Նշվում է, որ շների արտահանումը կարող է իրականացվել միայն «հատուկ» դեպքերում, այս մասին որոշումն ընդունել է նախարարների կաբինետը։ Օրենքը նախատեսում է շների հաշվառում հատուկ մատյաններում։ Ընդ որում, ալաբայների եւ թազիների հաշվառումը պետք է առանձին արվի։

Թուրքմենստանի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում ալաբայ ցեղատեսակին։ Պետական լրատվամիջոցները գրում են, որ հենց այս ցեղատեսակը «թուրքմեն ժողովրդի ամենահարուստ պատմամշակութային ժառանգության մասնիկն է»։ Նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրատարակել է «Թուրքմենական ալաբայ» գիրքը եւ Փալվան անունով իր շանը նվիրել «Դու հերոս ես, իմ ալաբայ» բանաստեղծությունը։ 2020 թվականին լույս է տեսել «Türkmeniň nusgalyk alabaýy» («Օրինակելի թուրքմենական ալաբայ») ամսագրի առաջին համարը։

2020 թվականին նախագահը Աշխաբադում բացել է «Թուրքմենական ալաբայ» 15 մետրանոց հուշարձանը։ Ավելի ուշ այս ցեղատեսակի շների տերերին սկսել են ամսական յոթ կիլոգրամ ալյուր տալ։ Երկրում ամեն տարի հոկտեմբերի վերջին կիրակին նշվում է որպես Ալաբայի օր: