Վրաստանում վթարված ավտոբուսի հայ ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վրաստանում Հյաաստանի դեսպանության խպորհրդական Հովսեփ Կարախանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիվանդանոց տեղափոխված հայաստանցիների մեծ մասը այս գիշեր դուրս է գրվել եւ դեսպանատան աշխատակիցների աջակցությամբ ուղեւորվել Հայաստան։Նրա տեղեկացմամբ, ավտոբուսում եղել է ընդհանուր առմամբ 29 հոգի՝ մեծամասամբ Հայաստանի քաղաքացիներ։ Եղել են նաեւ վրացի եւ ռուս ուղեւորներ։
Կարախանյանը միաժամանակ հերքեց վրացական եւ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկությունները, թե շրջված ավտոբուսում ադրբեջանցիներ են եղել։ «Վնասվածքներ ստացած 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Արդեն գիշերվա ընթացքում նրանցից մի քանիսը դուրս են գրվել։ Հիվանդանոցում մնացած 6-8 հայերի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք թեթեւ կոտրվածքներ եւ քերծվածքներ են ստացել։
Համեմատաբար ծանր է ազգությամբ վրացի եւ ռուս երկու կանանց վիճակը, որոնց, կյանքին, սակայն, բժիշկների հավաստմամբ եւս վտանգ չի սպառնում»,- ասաց Կարախանյանը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, վթարը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին, Գուդաուրիի շրջանում: Ավտոբուսն ընկել էր 15-մետրանոց անդունդը:



























