ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը դեմ է Թայվանի ստատուս քվոն փոխելու ջանքերին։ Սպիտակ տան կայքում հրապարակվել է երկու պետությունների ղեկավարների զրույցի կարճ բովանդակությունը։

«Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների համար կարեւոր մի շարք հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ այլ խնդիրներ, եւ իրենց թիմերին հանձնարարել են շարունակել զարգացնել այսօրվա զրույցը, մասնավորապես՝ զբաղվել կլիմայի փոփոխության եւ առողջապահական անվտանգության խնդիրներով։ Թայվանի վերաբերյալ նախագահ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել, եւ որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է ստատուս քվոն փոխելու կամ Թայվանի նեղուցով խաղաղությունն ու կայունությունը խաթարելու միակողմանի ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է Սպիտակ տունը, զրույցը տեղի է ունեցել «որպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կապի գծերը պահպանելու եւ խորացնելու, մեր տարաձայնությունները պատասխանատու կերպով կառավարելու եւ այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են, համագործակցելու Բայդենի վարչակազմի ջանքերի շրջանակներում»: