Ռուսական գազի հնարավոր դադարեցման հետեւանքների վերաբերյալ աճող մտահոգությունը Գերմանիայում բանավեճ են հրահրել այն ​​հարցի շուրջ, արդյոք երկիրը պետք է փակի իր վերջին երեք ատոմակայանները, ինչպես նախատեսվում էր այս տարվա վերջին, գրում է AP լրատվական գործակալությունը:

Խնդիրը, կարծես, հասունացել է այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի կեսերին հայտարարել է էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգության նոր «սթրես թեստ» անցկացնելու մասին: Ենթադրվում է, որ հաշվի կառնվի ավելի կոշտ սցենար, քան նախորդ՝ մայիսին անցկացված թեստում, որի արդյունքներով մատակարարումները երաշխավորված են։

 «Շատ բան կա ասելու անվտանգ եւ կլիմայական առումով բարենպաստ ատոմակայանները չփակելու եւ, անհրաժեշտության դեպքում, դրանք մինչեւ 2024 թվականը շահագործելու համար», - ասել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները՝ Bild am Sonntag թերթին տված հարցազրույցի ընթացքում: Նա կոչ է արել էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին, դադարեցնել գազի օգտագործումը՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Կառավարությունը, որը բաղկացած է կանցլեր Անգելա Մերկելի աջ կենտրոնամետ միությունից եւ «Ազատ դեմոկրատներից», 2011 թվականին՝ Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից անմիջապես հետո, որոշել էր միջուկային էներգիայից դուրս գալու ներկայիս ձեւը, որի համաձայն՝ դեկտեմբերի վերջին պետք է անջատվեն դեռեւս գործող երեք ռեակտորները։

Հաբեքը երկար ժամանակ պնդում է, որ այդ ռեակտորների շահագործումը իրավական եւ տեխնիկական առումով դժվար կլինի եւ քիչ բանով կօգնի գազի պակասի պատճառով առաջացած խնդիրները լուծելու համար՝ պնդելով, որ բնական գազը ոչ այնքան էներգիայի արտադրության, որքան արդյունաբերական գործընթացների եւ ջեռուցման գործոն է:

Այս տարվա առաջին եռամսյակում ատոմակայաններին բաժին է ընկել Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության 6, եւ գազի՝ 13 տոկոսը։ Լինդների խոսքով՝ պետք է աշխատել, որպեսզի գազային ճգնաժամի ֆոնին էլեկտրաէներգիայի ճգնաժամ չլինի։

Վերջին օրերին, մի խումբ «Կանաչներ» որոշ ազատությամբ են արտահայտվել մեկ կամ մի քանի ռեակտորների թույլտվության վերաբերյալ:

Քննադատներն ասում են, որ դա դեռ բավարար չէ: Ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կառավարությանը հորդորել է անհապաղ պատվիրել վառելիքի նոր ձողեր՝ մնացած ռեակտորների համար: Ընդդիմության ավագ օրենսդիր Ալեքսանդր Դոբրինդտը կոչ է արել վերաբացել արդեն իսկ փակված երեք ռեակտորները եւ Welt am Sonntag թերթին ասել է, որ «այս իրավիճակում միջուկային էներգիայի կյանքը առնվազն եւս հինգ տարով հնարավոր է երկարացնել»:

Կառավարության մամուլի խոսնակ Քրիստիան Հոֆմանը անցյալ շաբաթ ասել էր, որ սպասում է առաջիկա շաբաթներին հրապարակվելիք «սթրես թեստի» արդյունքներին։

Կառավարությունն արդեն կանաչ լույս է տվել կոմունալ ծառայություններին՝ 10 չաշխատող ածխով աշխատող էլեկտրակայաններ եւ վեց նավթային կայաններ գործարկելու համար, ինչպես նաեւ նախատեսում է ճանապարհ բացել լիգնիտով աշխատող էլեկտրակայանների վերագործարկման համար։ Ածխով աշխատող եւս 11 էլեկտրակայաններ, որոնց գործունեությունը պետք է դադարեցվեր նոյեմբերին, աշխատանքները շարունակելու թույլտվություն կստանան: