Տրիպոլիի գրոհի ժամանակ սպանվել է 1300 մարդ եւ վիրավորվել 5 հազարը: Նման հայտարարությամբ, ըստ Agence France-Presse-ի, հանդես է եկել լիբիական կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը: Ապստամբները շարունակում են շարժվել Լիբիայի մայրաքաղաքի խորքը:
Մուսա Իբրահիմը հաղորդել է, որ Տրիպոլիի հիվանդանոցները չեն բավարարում վիրավորների համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ օգոստոսի 20-21-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է 376 մարդ: Մուսա Իբրահիմը նաեւ ասել է, թե Տրիպոլիում դեռ հազար զինյալ է մնացել, որոնք պատրաստ են դիմադրել ապստամբներին: Նա միաժամանակ կոչ է արել ապստամբներին հաշտություն կնքել, հայտնում է Lenta.ru-ն:
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին ասել է, թե ապստամբները կդադարեցնեն հարձակումն այն դեպքում, եթե գնդապետ Քադաֆին անմիջապես հանձնվի: Նա նաեւ հաղորդել է Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի ձերբակալության մասին: Ըստ Ջալիլի, Սեյֆ ալ-Իսլամը գտնվում է անվտանգ վայրում:
Reuters-ի փոխանցմամբ, արեւմուտքից Տրիպոլի մտած ապստամբները որեւէ դիմադրության չեն հանդիպել: Տրիպոլիի բնակիչները ապստամբներին դիմավորում են ինչպես հերոսների: Վերջիններս մտել են մայրաքաղաքի Կանաչ հրապարակ:
Հաղորդվում է, որ ձերբակալել եւ զինաթափել են Քադաֆիի անձնական թիկնազորին: Ինքը` Քադաֆին պետական հեռուստաընկերության եթերով ուղերձ է հղել, որում կոչ է արել «Տրիպոլին մաքրել գաղութացման գործակալներից»:
Լուսանկարը` AFP-ի




























