ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին կոչ է արել հրաժարվել իշխանությունից։Նրա խոսքով, Քադաֆիի վարչակազմը կործանման եզրին է։
Օգոստոսի 22-ի գիշերը տարածած Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ համախոհների հետ կհամագործակցի հանուն Լիբիայի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ այդ երկրում ժողովրդավարության անցում կատարելու գործում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Փաստաթղթում նաեւ լիբիացի ապստամբների ստեղծած Ազգային անցումային խորհրդի հետ համագործակցության պատրաստկամություն է հայտնվում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ապստամբները գրոհով վերցրել էին Տրիպոլին։ Լիբիական կառավարության տվյալներով, սպանվել է 1300, վիրավորվել 5 հազար մարդ։Ավելի վաղ հաղորդվում էր, որ օգոստոսի 20-21-ի մարտերի ընթացքում սպանվել է 376 մարդ։
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտարարել էր, որ ապստամբները հարձակոմը կդադարեցնեն այն դեպքում, եթե գնդապետ Քադաֆին անհապաղ հանձնվի։ Նա նաեւ հայտնել էր Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի ձերբակալության մասին։




























