Լիբիայի մայրաքաղաքն այսօր գրոհած լիբիացի ապստամբները վերանվանել են Տրիպոլիի գլխավոր հրապարակը։

Նրանք որոշել են, որ Կանաչ հրապարակն այսուհետ կկոչվի Տառապյալների հրապարակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ազգային անցումային խորհրդի տվյալներով, ապստամբ ուժերը գրոհել են գրեթե ողջ մայրաքաղաքը՝ բացառությամբ կառավարական թաղամասի։ Թե որտեղ է գտնվում Մուամար Քադաֆին, հայտնի չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր նրա երկու որդիների ձերբակալության մասին։

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ այն դեպքում, եթե Քադաֆին անհապաղ հանձնվի, հայտնում է «Սինխուան»։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին կոչ է արել հրաժարվել իշխանությունից։

Ֆոտոն՝ (AP/Alexandre Meneghini)