Մոսկվայում օգոստոսի 21-ի գիշերը մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասյան երկու սփյուռքի ներկայացուցիչների միջեւ: Դաղստանցիների եւ ադրբեջանցիների միջեւ կռիվը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի արեւելյան շրջանում` «Լոլիտա» սրճարանի մոտակայքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ոստիկանությունից:
Երկու մարդ տուժել է, մեկը` մահացել:
«Ծեծկռտուքի հետեւանքով Նալչիկի 21-ամյա բնակիչը մահացել է կրծքին ստացած դանակի հարվածից, եւս երկու տղամարդ դանակից ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել են իրավապահ մարմինները: Քրեական գործ է հարուցվել «սպանության» հոդվածով:
Ոստիկանության` դեպքի վայր ժամանելու պահին ադրբեջանցիներն ու դաղստանցիները արդեն ցրված են եղել: Սակայն շուտով հաջողվել է պարզել, որ մարդասպանը Ադրբեջանի 31-ամյա բնակիչ է, ով առանց գրանցման բնակվում է Մերձմոսկվայում: Նա հետախուզման մեջ է:




























