Երեւանում հանգստյան օրերին թունավորման մի շարք դեպքեր են գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 20-ին`ժամը 15.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ջրվեժ-բանավան թաղամասի թիվ 15 շենքի 18-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Ջանազյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը` ժամը18.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 7 տանը դեղորայքից թունավորվել է 4-ամյա Անժելա Մարգարյանը: Տուժածը տեղում ստացել է առաջին բուժօգնություն. ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից:

Օգոստոսի 20-ին`ժամը 17.50-ի սահմաններում ջերմաչափի սնդիկից թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի թիվ 44 տան բնակիչ, 2 տարեկան Մարի Սահակյանը,իսկ ժամը 18.10-ի սահմաններում` ժավելի սպիրտից թունավորումով, Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ, 3 տարեկան Արմինե Խաչատրյանը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Օգոստոսի 21-ին`ժամը 23.07-ին ալկոհոլային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի 21-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչ, 49-ամյա Իրինա Կարապետյանը: Տուժածի առողջական վիճակը բավարար է: