Երեւանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու համար, անհրաժեշտ է ունենալ գործողությունների հստակ ծրագիր, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը,  հանձնարարելով բոլոր ոլորտների մասով առաջիկա երեք տարիների համար ներկայացնել զարգացման ծրագրեր:  «Օրվա խնդիրներին լուծում տալուց բացի, մենք պետք է հստակ պատկերացում կազմենք նաեւ, թե ինչպես է զարգանալու մեր քաղաքը վաղը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդրին, Երեւանի քաղաքապետը հնչեցրել է Արաբկիր վարչական շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը: Արաբկիրի սանմաքրման ձեռնարկությանը պատկանող մեքենամեխանիզմերի մի մասի խափանման հետեւանքով վարչական շրջանում աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել: Քաղաքապետը հանձնարարել է միավորել վարչական շրջանների սանմաքրման տեխնիկան եւ Արաբկիրում արագ վերացնել ստեղծված իրավիճակը: Կարեն Կարապետյանը բոլոր վարչական շրջանների ղեկավարների առջեւ խնդիր է դրել ուսումնասիրել սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման իրավիճակներից խուսափելու համար:

Հանձնարարվել է նաեւ մինչեւ սեպտեմբերի 1-ը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաեւ խիստ ուշադրություն դարձնել վարձավճարները գանձելու ցուցանիշներին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթն արդեն հայտարարված է:
Համատիրությունների աշխատանքը կանոնակարգելու եւ հաջողված փորձը գործնականում ողջ մայրաքաղաքում կիրառելու նպատակով զեկուցվել է, որ ընտրվել են մի քանի հաջողված համատիրություններ, որոնց կողմից գումարների հավաքագրումն իրականացվում է բանկային համակարգով, բացի այդ կայք էջի միջոցով բնակիչը հետեւում է վճարված գումարների նպատակային օգտագործմանը:

Ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի, համատիրությունների իրավունքների եւ պարտավորությունների մասին հիշեցնող շուրջ 8000 պաստառ է տրամադրվել համատիրություններին, որոնք կփակցվեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակված ծրագրի համաձայն առաջիկայում բարեկարգ տեսք կստանան նաեւ ստորգետնյա անցումները: 

Անցումների բարեկարգման ծրագրի մասով հայտարարված մրցույթներով հավանական ներդրողներին են ներկայացվել պայմանները, համաձայն որոնց կնորոգվեն   ու  կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը,  նաեւ առեւտրային տաղավարներ կառաջարկվեն գործարարությամբ զբաղվող քաղաքացիներին:

Զեկուցվել է, որ «Էլեկտրոնային քաղաք» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է հուշարձանների, պատմական ու ճարտարապետական շենքերի մոտ «էլեկտրոնային էքսկուրսավար» պայմանական անվանումով ծրագրի ներդրման գործընթացը: Մայրաքաղաքի 5 արձանների մասին արդեն կարելի տեղեկատվություն ստանալ հենց տեղում համապատասխան սարքից ինտերնետ կապի միջոցով:
Վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան բոլոր վարչություններին եւ ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը նոր ուսումնական տարվա սկիզբը մայրաքաղաքում հավուր պատշաճի դիմավորելու նպատակով: