Հաագայի միջազգային դատարանը բանակցություններ է տանում Լիբիայի ապստամբների հետ գնդապետ Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին հանձնելու հարցի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը:

Ապստամբների ներկայացուցիչ Ֆադի Էլ-Աբդալի խոսքով, այդ հարցը ներկայումս քննարկվում է: Հիշեցնենք, որ հունիսի 27-ին տրիբունալը ձերբակալման օրդեր էր տվել Մուամար Քադաֆիի, նրա որդի Սաիֆի եւ ռազմական հետախուզության ղեկավար Աբդուլ ալ-Սենուսիի համար: Նրանք մեղադրվում են Քադաֆիի դեմ ուղղված բողոքի ակցիայի ներկայացուցիչներին ծեծելու, սպանելու եւ բանտարկելու մեջ:

Հիշեցնենք, որ այս գիշեր ապստամբները մտել են Տրիպոլի եւ մոտեցել Քադաֆիի նստավայրին: Իշխող վարչակարգի զորքերը դիմադրություն ցուց չեն տվել: Դրանից հետո լիբիական մայրաքաղաքի Կանաչ հրապարակում բազմահազարանոց տոնախմբություն է սկսվել:

Նշենք, որ երեկ` օգոստոսի 21-ին, մերձավորարեւելյան The National-ի տվյալներով, Արաբական միացյան էմիրություններում ապստամբական ուժերի դեսպան Արեֆ Նայեդը կոչ էր արել միջազգային հանրությանը ուժեղացնել ՆԱՏՕ-ի հրթիռակոծումները` Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարելու համար: Նա կիրակի օրը անվանել է «առաջին օր»: «Մենք այդ օրը համարում ենք առաջինը, քանզի հավատում ենք, որ Քադաֆիի վերջը եկել է: Մենք կոչ են անում ՄԱԿ-ին մոբիլիզացնել իր հսկայական ռոսուրսները` լիբիացի ժողովրդին օգնելու համար»,-հայտարարել է Նայեդը: