Իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին` ժամը 12-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է իշխանության ներկայացուցչության ղեկավար Դավիթ Հարութունյանը` հավելելով, որ հանդիպման հետաձգումը հավանական չի համարում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների ներկայացուցչությունները հետաձգել էին օգոստոսի 19-ի հանդիպումը, ապա Դավիթ Հարութունյանը հայտնել է, որ պատճառները տեխնիկական բնույթի են եղել: «Մենք նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել առաջիկա հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին, անցկացնելու վերաբերյալ: Սակայն ավելի ուշ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 23-ին հանդիպելու վերաբերյալ»,- նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ այս անգամ հանդիպումը եւս հետաձգվի` հաշվի առնելով ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների հանդիպումը մեծ խոչընդոտ է բանակցային գործընթացի համար, Հարությունյանը հայտնեց. «Դա ՀԱԿ-ի դիրքորոշումն է տվյալ հարցի շուրջ: Մենք ընդամենը պայմանավորվել ենք հանդիպում անցկացնել: Հանդիպումը տեղի կունենա վաղը` պայմանավորվածության համաձայն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 9-ի միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների: Ներկայումս նրանցից 6-ը ազատ են արձակվել: Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնության (Հայաստանի ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով) մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ ազատազրկման մեջ, քանի որ վերաքննիչ դատարանը պատժի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը բավականաչափ հիմնավոր չի համարել: