Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ամիսներ առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո այժմ իրեն լավ է զգում, սակայն միանշանակ է, որ առաջիկա երկու տարիներին մեծ սպորտ չի վերադառնա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ մարզուհին։
«Բժիշկները նշում են, որ ես դեռեւս վերականգնողական փուլում եմ եւ ավելի ճիշտ կլինի՝ չմարզվեմ։ Պատճառն այն է, որ նրանք լիարժեք չեն երաշխավորում, որ պարապմունքների ընթացքում նոր վնասվածքներ չեն լինի։ Մի խոսքով, մարզումների վերադառնալը դեռեւս հարցականի տակ է, մտածում եմ մարզչական կարիերայի մասին»,- ասաց Նազիկ Ավդալյան։
Հիշեցնենք, որ չեմպիոնուհին այս տարվա ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:
Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:




























