Լիբիական ապստամբների կողմից մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնական մասի գրավման պահին հիմնական առեւտրական հարթակներում նավթի համաշխարհային գները րոպեի ճշտությամբ սկսել են նվազել:

Brent Crude Oil մակնիշի նավթի հոկտեմբերի  ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում, որոնք օրվա սկզբին  բարելի դիմաց կազմում էին 107,2  դոլար, ընթացքում նվազել են  2 դոլարով` հասնելով 105,3-ի:

Չիկագոյի բորսայում  Light Sweet Crude Oil –ի սեպտեմբերյան ֆյուչերսները եւս նվազել են գրեթե մեկ դոլարով` հասնելով 81 դոլարի: Սակայն օրվա կեսերին Brent-ի գները սկսել են բարձրանալ, իսկ երեկոյան գերազանցել են անկմանը նախորդած ցուցանիշը`  հասնելով 108,2 դոլարի: Բարձրանում է նաեւ Light Sweet-ի գինը` հասնելով բարելի դիմաց 83,7 դոլարի:

Նավթային գների հետագիծը պահպանել են նաեւ ամերիկյան արդյունահանող ընկերությունները: Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE)  Exxon Mobil եւ Chevron-ի բաժնետոմսերը գործարքների մեկնարկի պահին սկսել են իջնել` մինչեւ օրվա կեսերը նվազելով համապատասխանաբար 2,5  եւ  3%-ով:  Ավելի ուշ գներն սկսել են մոտ մեկ դոլարով ավելանալ` վերականգնելով կորցրած դիրքերի կեսը: Լոնդոնյան  ֆոնդային բորսայում (LSE)  BP –ի եւ Shell-ի բաժնետոմսերն առավոտից սկսել են բարձրանալ եւ օրվա կեսերին  աճել են համպատասխանաբար  3  եւ 5,5% -ով:

Այնուհետեւ երկու բորսաներում էլ նավթային ընկերությունների գները գրեթե միաժամանակ նվազել են: Ժամանակահատվածով դա համընկել է Լիբիայի ապստամբների անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջլալի ` «Ալ Ջազիրայով» հեռարձակվող ասուլիսի հետ:

Կտրուկ բարձրացել են նավթ եւ գազ արդյունահանող իտալական Eni ընկերության արժեթղթերը,  որոնք այսօր Միլանի բորսայում (FTSE MIB) 6,3% աճ են արձանագրել:  Ինչպես լրագրողներին հայտնել է ընկերության նախագահ Ջուզեպպե Ռեկին, Լիբիայում իրավիճակի կայունացումը  նորից բացում է ընկերության ընդհանուր արտադրանքի  13%-ի շուկան, փոխանցում է  Dow Jones-ը: Նշենք, որ  վերլուծական Evaluate Energy գործակալության գնահատականներով`  2009թ-ին  Eni-ին Լիբիայի խոշոր նավթ արտադրողներց էր` օրական 110 հազար բարել ծավալով:

Իրավիճակի կայունացումից հետո Eni-ն, ամենայն հավանականությամբ, ժամանակ չի կորցնի, ինչի մասին կարելի է դատել Եգիպտոսի օրինակով, երբ  իրավիճակի հանդարտեցումից մեկ ամիս անց իտալացիները ձեռնամուխ եղան  արեւելայան Եգիպտոսում գազի որոնմանը` 2011 – 2012թթ. համար մոտ 3 մլրդ դոլար ներդրումային ծրագրով:

Բարձրացել են նաեւ Լիբիայում նավթի արդյունահանմամբ զբաղվող մյուս  խոշոր մասնակիցների` ֆրանսիական  Total-ի եւ իսպանական Repsol-ի արժեթղթերը` փարիզյան (Euronext Paris)  եւ մադրիդյան (Bolsa de Madrid) բորսաներում  համապատասխանաբար 2,25% եւ 2,78%-ով:

Միաժամանակ մի շարք վերլուծաբաններ նշում են, որ Լիբիայից նավթի առաքումները կարող են վերականգնվել ոչ շուտ, քան մեկ տարուց: Լիբիայում նավթի արտահանումը վերականգնելու ցանկացած փորձ շոշափելի արդյունք կարող է տալ միայն 2012թ-ին, նշում է  Oil Price Information Service-ի վերլուծաբան Թոմ Կլոզան, հաղորդում է  CNNMoney-ը: «Նույնիսկ Brent Crude-ի գների նվազման պարագայում  պետք չէ ակնակալել, որ տեսանելի ապագայում նավթի հոսքերը կլցնեն շուկան»,-կարծում է բորսային թրեյդեր  Դեն Դիքերը:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը