Ամբողջ Եվրոպայում պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանով, որ կոնսենսուսն Ուկրաինայի վերաբերյալ կարող է փլուզվել, քանի որ մայրցամաքը մտնում է դաժան ձմռան սեզոն՝ պարենի բարձր գներով, տները տաքացնելու համար էլեկտրաէներգիայի անբավարարությամբ եւ ռեցեսիայի իրական հնարավորությամբ, տեղեկացրել է CNN-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, որն իրեն է ենթարկեցրել Արեւմուտքի երեւակայությունն ու ստիպել երկրներին պաշտպանել ռազմական գործողությունները, եվրոպացի առաջնորդների ուշադրությունը պահելու հարցը կարող է ավելի դժվար դառնալ, քանի որ հակամարտությունը ձգձգվում է։
«Ուկրաինայի համար խնդիրը նույնն է, ինչ եւ առաջին օրը՝ պահել Արեւմուտքն իր կողմում, քանի որ Կիեւին աջակցելու ծախսերը կհարվածեն սեփական գրպաններին,- կարծում է Chatham House վերլուծաբանական կենտրոնի ավագ գիտաշխատող Քեյր Ջայլզը։ - Գուցե հենց այդ պատճառով է Զելենսկին ասել, որ ցանկանում է, որպեսզի պատերազմն ավարտվի մինչեւ Սուրբ ծնունդը, քանի որ իրական խնդիրները կկայանան նրանում, որպեսզի ստիպեն Արեւմուտքին կատարել իր խոստումները երկարաժամկետ հեռանկարում»։
Ձմեռվա վառելիքային ճգնաժամն այն է, ինչի մասին ամեն օր մտածում են եվրոպացի պաշտոնյաներն ու դիվանագետները։
Եվրոպական երկրները ռուսական նավթի կարիքն ունեն, ընդ որում՝ ռուսական նավթի արտահանման մոտ կեսը գնում է աշխարհամաս։ Ըստ տեղեկությունների՝ 2021թ. ԵՄ-ը օրական ներմուծել է 2,2 միլիոն բարել հում նավթ։
«Եվրամիությունում դա շատ բարդ է լինելու, եւ մենք պետք է ջանանք պահել մեր խոստումը գազից եւ այլ աղբյուրներից Ռուսաստանին ցանկացած եկամտից կտրելու վերաբերյալ»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ նկատի ունենալով ԵՄ-ում 15 տոկոսով գազի սպառումը կրճատելու համաձայնագիրը։
«Արեւմտյան Եվրոպայի մի մասը պաշտպանված է հեռավորությամբ, եւ նրան դժվար է համոզել, որ ռուսական էներգակիրներից կախվածությունը աղետալի էր, եւ անգամ հիմա նրանք հույս ունեն վերադառնալ «նորմալության» Ռուսաստանի հետ»,- ասել է Ջայզլը։
Պաշտոնյաները նաեւ մտավախություն ունեն, որ ուկրաինացիներին զինելու արեւմտյան ռազմավարությունը երկարաժամկետ խնդրի կարճաժամկետ լուծում է դառնում՝ պատերազմ առանց հստակ ավարտի։
Ֆրանսիական զենքը այժմ Ուկրաինայի մարտադաշտում է՝ այն դեպքում, երբ Գերմանիան խախտել է տասնամյակների պացիֆիստական քաղաքականությունը՝ ավելացնելով պաշտպանության սեփական ծախսերը եւ զենք ուղարկելով։
«Սկզբում Արեմուտքի արձագանքն ավելի կոշտ էր, քան Ռուսաստանը սպասում էր։ Տակտիկապես Կրեմլը շատ բանում սխալվեց։ Քաղաքական տեսակետից բավական հեշտ էր համախմբվել Ուկրաինայի շուրջ եւ զենքի ու փողի նվիրատվություն հիմնել»,- CNN-ին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ «Ժամանակի ընթացքում զենքերի տեսակները, որ մենք ուղարկում ենք, բարդացել են, ինչպես եւ պատրաստությունը, որն անհրաժեշտ է դրա արդյունավետ կիրառման համար։ Լավ նորությունն այն է, որ այդ զենքն օգնում է ուկրաինացիներին դիմանալ։ Վատ նորությունն այն է, որ որքան ավելի երկար շարունակվի պատերազմը, այնքան այդ զենքի ավելի քիչ պաշար կլինի, եւ դրանից ավելի դժվար կլինի հրաժարվել»,- ավելացրել է պաշտոնյան։
Տնտեսական եւ ռազմական վնասներից բացի, որոնք ազդում են Արեւմուտքի շռայլության վրա, գոյություն ունի նաեւ լուրջ մտահոգություն այն մասին, որ աշխարհն սկսում է հոգնածություն զգալ պատերազմից։
«Հիմա պատերազմը ձանձրալի ռազմավարական փուլում է։ Ավելի քիչ ամենօրյա ձեռքբերումներ եւ կորուստներ ու ավելի քիչ հնարավորություններ ֆոտոների համար»,- նշել է ՆԱՏՕ-ի դիվանագետը։
Որոշ արեւմտաեվրոպական երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, հրապարակայնորեն հայտարարել են, որ Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ պետք է երկխոսություն լինի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քանիցս հայտարարել է, որ, իր կարծիքով, ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այն դեպքում, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատության է ենթարկվել ռուսական գազի մասին հակասական հայտարարությունների եւ այն բանի համար, որ բոլորովին վերջերս ասել էր, թե արդյոք Եվրոպան պետք է արգելի ռուսաստանցիների տուրիստական վիզաները։
Պատերազմն սկսվելուց հետո հաջորդ մի քանի ամիսները ամենադժվարն են լինելու եվրոպական երկրների համար։ Քաղաքացիները կզգան կյանքի արժեքի թանկացումը ամբողջ մայրցամաքում։ Ոմանք պետք է ընտրություն կատարեն ջեռուցման եւ ուտելիքի միջեւ։ Այս համատեքստում քաղաքական առաջնորդների համար դժվար կլինի արդարացնել փողի եւ էներգիայի ծախսերը՝ հեռավոր երկրին պաշտպանելու համար, մանավանդ երբ նրանց քաղաքացիներից ոմանք կարծում են, որ դրանք առանց այդ էլ բավական շռայլ են։
Արեւմտյան շատ պաշտոնյաներ CNN-ին տեղեկացրել են իրենց անհանգստության մասին, որ ինչ-որ պահի քաղաքական առաջնորդները կարող են որոշել, որ ավելի լավ է խաղաղության համաձայնագրի միջնորդ հանդես գան եւ դադարեցնեն Ուկրաինայի նախընտրած վերջնախաղը, որը ենթադրում է, որ ռուսական զորքերը կվերադառնան նախկին սահմաններին։
«Որոշ շրջանակներում անհանգստությունը խորանում է նրանով, որ եթե Ուկրաինան դիրքերը զիջի Ռուսաստանին, դա կարող է արագացնել կարգավորման կոչերը բանակցությունների ճանապարհով։ Զելենսկին պետք է շարունակի կերտել իր փիառ-մագիան եւ տարածի տեղեկություն այն մասին, թե Ուկրաինան դեռեւս առաջընթացի է հասնում, համառորեն պայքարում է եւ զենքի կարիք ունի»,- CNN-ին ասել է Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թերեզա Ֆելոնը։
«Հենց որ մարդիկ զգան, որ [Կիեւը] տանուլ է տալիս, նրանք կարող են հարցնել, թե ինչու ենք մենք շարունակում թանկարժեք զենք մատակարարել Ուկրաինա տնտեսական ճգնաժամի ժամանակ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դա վճռական նշանակություն կունենա, քանի որ կարեւոր շատ դաշնակիցներ նույնպես բուռն քաղաքական ժամանակներ են ապրում իրենց տանը։ Իտալիայում տեղի են ունենալու ընտրություններ, Միացյալ Թագավորությունում նոր վարչապետ է լինելու, Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրություններ են սպասվում, որոնք կարող են որոշել Ջո Բայդենի նախագահության առաջին ժամկետի մնացած մասի հարցը։
«Քանի որ ներքաղաքական հարցերն սկսում են գերիշխել, քաղաքացիները կարող են հարցնել, թե ինչու ենք մենք օգնում Ուկրաինային՝ ենթակառուցվածք կառուցելու փոխարեն»,- հավելել է Ֆելոնը։
Պաշտոնյաների մեծ մասն ընդունում է, որ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը։ Եվ խղճուկ ճշմարտությունն այն է, որ եթե ժամանակը գա, խաղաղությունը բանակցությունների միջոցով՝ Պուտինի մասնակցությամբ, կարող է այնքան էլ չանհանգստացնել այն երկրներին, որոնք ընդհանուր սահման չունեն Ռուսաստանի հետ։





























