Standard&Poor’s վարկանշային գործակալության տնօրեն Դեւեն Շարման լքում է զբաղեցրած պաշտոնը, հաղորդում է Financial Times-ը: Մինչեւ տարվա վերջ Շարման խորհրդականի կարգավիճակով հանդես կգա McGraw – Hill ընկերությունում, որը ղեկավարում է S&P-ն: Գործակալության նոր ղեկավար կդառնա Citibank-ի տնօրեն Դուգլաս Փիթերսոնը: Ղեկավարության փոփոխությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ի վարկային վարկանշի նվազեցումից 2 շաբաթ անց, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետպարտքի գագաթնակետը հասավ 2.1 տրիլիոն դոլարի, չնայած` գործակալությունը անհրաժեշտ մակարդակ էր համարում 4 միլիարդ դոլարը:
Ներկայումս արժեթղթերի եւ բորսաների հարցերով ԱՄՆ հանձնաժողովը (SEC) ստուգում է S&P-ի վարկանշային գնահատականի գաղտնիությունը` ըստ հրապարակումների: S&P-ի հաշվետվությունը քննադատության է արժանացել Սպիտակ տան վարչակազմի կողմից մեթոդոլոգիական անճշտությունների համար: Մասնավորապես, ավելի վաղ գործակալությունը կանխատեսել էր, որ 2021 թ. պետպարտքի մակարդակը ՀՆԱ-ում կհասնի 93 տոկոսի, սակայն վերջնական հաշվետվության մեջ այն հասցրել էր 85 տոկոսի:
Այնուամենայնիվ, թերթի վկայակոչած հավաստի աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխությունը պայմանավորված չէ վարկանշի նվազեցմամբ: Շարմային արդեն կես տարի է, ինչ ցանկանում են փոխարինել, իսկ պատճառը գործակալության վերափոխման ծրագրերն են: Ծրագրվում է S&P վարկանշային ծառայությունները առանձնացնել տեղեկատվական-վերլուծական ծառայություններից, որոնց համար ծրագրվում է ստեղծել առանձին միավոր` McGraw – Hill Financial-ը:




























