Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն «լիարժեք անհեթեթություն» է անվանել խոսակցություններն այն մասին, որ ինքը 2003 թվականին իշխանությունը Սահակաշվիլիին հանձնել է հայկական լոբբիի հետ պայմանավորվածության արդյունքում։ «Դա, իհարկե, հիմարություն է»,- հայտարարել է նա «Ասավալի Դասավալի» պարբերականին տված հարցազրուցում, հայտնում է «Գրուզիա online»-ը։
Միաժամանակ նա համաձայնել է այն մտքի հետ, որ Վրաստանի հանգստավայրերը «լցված են հայերով ու թուրքերով»։ «Ցավոք, մեր պետությունն այսօր առանց տիրոջ է, եւ սատանաները գրավել, կամ համարյա գրավել են եկեղեցին»,- ասել է նախկին նախագահը։
Շեւարդնաձեն նաեւ հայտարարել է, որ չի կարող հաստատել այն, որ հայկական լոբբին հովանավորում է Սահակաշվիլիին։ «Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իմ համագործակցությունը կառուցվել էր իրական բարեկամության եւ բարիդրացիության հիմքերի վրա։ Իմ ընկերներն էին թե Կարեն Դեմիրճյանը, թե Հեյդար Ալիեւը»,- ասել է նա։




























