Կրպակների ապամոնտաժման եւ փողոցային առեւտրի արգելման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումը կհանգեցնի ժողովրդագրական ցուցանիշի անկմանը: Այդ մասին օգոստոսի 23-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը` հավելելով, որ քաղաքապետարանը որոշումներ է ընդունում, որոնց հետեւանքների մասին ոչ ոք չի մտածում:

Եգանյանի կարծիքով, այդ որոշումը բացասական հետեւանքներ կունենա ինչպես ժողովրդագրության, այնպես էլ արտագաղթի տեսակյունից. «Ես, իհարկե, կցանկանայի, որ մեր երկիրը զարգացած լիներ, ունենար բարձր կենսամակարդակ, որ մեր մայրաքաղաքում փողոցային առեւտուր չլիներ, փոքրաթիվ կրպակներ լինեին: Սակայն անհրաժեշտ է համեմատել ցանկալին անհրաժեշտի հետ: Կա՞ն մեզ մոտ նման պայմաններ, որ նման քայլեր ձեռնարկենք: Նման քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է համապատասխան առաջարկ անել այդ մարդկանց»: Ժողովրդագրագետը բնական է համարում, որ փողոցային առեւտրով զբաղվողները կամ կրպակատերերը նման որոշումից հետո կլքեն երկիրը:

«Նրանց մեջ, իհարկե, կային մարդիկ, ովքեր ծրագրում էին ընտանիք կազմել, երեխա ունենալ, եւ նրանք, իհարկե, ապրուստի միջոցներից զրկվելով, չեն դիմի այդ քայլին: Բացառված չէ, որ ծանր սոցիալական դրության մեջ հայտնվելով, որոշ ընտանիքներ կքանդվեն: Ինչ-որ մեկը մտածե՞լ է այդ մասին, նախքան նման որոշում ընդունելը: Մի՞թե մեր երկիրն այնքան լավ վիճակում է, որ քաղաքային իշխանությունները պետք է մտածեն միայն քաղաքի արտաքին տեսքի մասին»,-նշել է Եգանյանը: