Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի երկխոսությունն այն դեպքն է, երբ գործընթացն արդյունքից ավելի կարեւոր է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Նրա խոսքով, երկխոսությունը պետք է երկու կողմերին էլ։

«Իշխանությունները միանշանակ գիտակցում են, որ չեն կարող երկխոսությունն օգտագործել իբրեւ միջոց, որպեսզի շարունակեն նախկինում իրականացվող քաղաքականությունը. դա իրական չէ։ Այդուհանդերձ, նրանք գնում են երկխոսության, հետեւաբար ստիպված են որոշակի զիջումների գնալ»,- նշեց քաղաքագետը։ Մինասյանի կարծիքով, ՀԱԿ-ում եւս գիտակցում են, որ իրենց բոլոր պահանջները չեն կատարվելու։

Խոսելով Հայաստանում արտահերթ ընտրոթյունների անցկացման մասին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ դա տեսականորեն հնարավոր է,սակայն ոչ այնպես, ինչպես ընդդմությունն է պահանջում։ «Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հերթականներից մի փոքր շուտ»,- նշեց նա։