Վրաստանը պատրաստվում է Հարավային Օսիայի տարածք անօրինական զանգվածային ներխուժմանը, այսպես կոչված, խաղաղության քայլերգ ծրագրի անվան ներքո` կապված ՌԴ-ի կողմից անկախության ճանաչման եռամյակի հետ, նշված է օգոստոսի 23-ի ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրապարակման մեջ Մոսկվան կոչ է անում Վրաստանին զերծ մնալ նոր արկածախնդրությունից. «Այդ ակցիան նախատեսում է զանգվածային անօրինական ներթափանցում Հարավային Օսիայի տարածք` փախստականներին իրենց տները վերադարձնելու կարգախոսի ներքո: Հուսանք, որ Թբիլիսիին համապատասխան ազդակներ կուղարկեն նաեւ միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ»:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ օգոստոսի 26-ին` ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման եռամյակի կապակցությամբ ««խաղաղության քայլերգ» է նախատեսվում իրականացնել վրացական Օդզիսի բնակավայրից հարավօսական Լենինգորի քաղաք տանող ճանապարհով»:

Վրաստանի ԱԳՆ-ը ոչինչ չգիտի «խաղաղության քայլերգի» մասին, որը Ռուսաստանը անվանել է Հարավային Օսիայի տարածք ներխուժելու փորձ, հաղորդում է Գազետա. Ru-ն` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Շոթա Ուտիաշվիլու հաղորդած տեղեկությունները: «Ոչինչ չկա եւ չի էլ ծրագրվում, ոչ մի խաղաղության քայլերգ: Այդ ամենը հիվանդ երեւակայության արդյունք է»,-հայտնել է նա: