Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը։
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, օգոստոսի 23-ին Աղվան Հովսեփյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան Նոր Նորք վարչական շրջաններում իրականացված ավազակային հարձակումների դեպքերը, որոնց պարագայում միեւնույն ձեռագիրն է նկատվում։ Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-ից 6-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5 մարդ, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
«Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը՝ ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Ավազակային հարձակում):
Նշենք, որ մեկ անգամ չէ, որ հաղորդվել է այդ թվում՝ հայտնի մարդկանց տների վրա կատարված ավազակային հարձակումների մասին։ Այսպես, օրերս թալանվել էր Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը։ Հանցագործները ծեծի էին ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակել գումար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ։ Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա։ Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա։




























