Ուկրաինան այսօր՝ օգոստոսի 24-ին, նշում է Անկախության 20-ամյակը։ Երկրի ամբողջ տարածքում տոնական միջոցառումներ կիրականացվեն։
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կմասնակցի «Օրհնյալ եւ միասնական Ուկրաինա» հուշարձանի մոտ կայանալիք տոնական հավաքին։ Չնայած Կիեւի կենտրոնում բողոքի ակցիաներ անցկացնելու արգելքին՝ ընդդիմությունը մտադիր է երթ անցկացնել, հայտնում է РБК.UA-ն։
Ուկրաինայի մայրաքաղաքում այսօր մի քանի համերգներ տեղի կունենան։ Կլինի նաեւ Ուկրաինայի համար ավանդական աղոթք։ Երեկոյան հրավառություն կլինի։
Իդեպ, Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, Բրյուսելի կենտրոնում գտնվող լեգենդար «Միզող տղային» կզգեստավորեն Կիեւյան Ռուսիայի իշխան Յարոսլավ Իմաստունի հագուստով, հայտնում է «Նովոլիտիկան»։
Անցած տարի «Միզող տղային» ուկրաինական կազակների՝ 17-18-րդ դարերի հագուստ էին հագցրել։




























