Թե իշխող կոալիցիան, եւ թե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում քաղաքական երկխոսությանը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը օգոստոսի 24-ին կայացած ասուլիսում:
«Դրա մասին է վկայում այն, որ ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ իր փաստարկումները ներկայացրել է ոչ թե երկու, այլ 85 էջով: Նույնքան պատասխանատվությամբ է մոտենում երկխոսությանը կոալիցիան` ներկայացնելով 131 էջանոց փաստաթուղթ: Միայն դա խոսում է երկու կողմերի լուրջ մոտեցման մասին` հատկապես հաշվի առնելով այն, որ կոալիցիայի փաստաթղթի հեղինակներից մեկը Դավիթ Հարությունյանն է»,-հայտնել է Խ. Հարությունյանը:
Նրա խոսքով, երկխոսության համար գլխավոր նախադրյալը նախագահ Սերժ Սարգսյանի ճիշտ դիրքորոշումն է եղել: «Երեք տարվա ընթացքում հանրապետության ղեկավարի հասցեին տարբեր գնահատականներ են տրվել: Այդուհանդերձ, ընդդիմության հասցեին որեւէ կոշտ գնահատական չի հնչեցվել, նրան մեկուսացնելու փորձեր չեն ձեռնարկվել»,- ասել է Խոսրով Հարությունյանը:
Նրա կարծիքով, երկխոսության շրջանակներում հասարակությունը սկսում է ընդդիմությանը նորովի ընկալել: Նրա գլխավոր բնորոշումը ոչ թե այլակարծությունն է դառնում, այլ երկխոսելու պատրաստակամությունը: «Հենց այդ պատճառով, մտավորականության զգալի մասը, թեկուզ եւ անձայն, բայց հետաքրքրված է երկխոսությամբ եւ նրանից արդյունքներ է ակնկալում»,- հայտնել է Հարությունյանը:




























