Թուրքիան կվերադառնա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունների դիտարկմանը, երբ ցանկանա դրանցից առավելագույն քաղաքական դիվիդենտներ շահել: Նման կարծիք է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարութունյանը օգոստոսի 24-ին կայացած ասուլիսում:
Նա նշել է, որ արձանագրությունները օրակարգից հանվել են գերազանցապես ընթացակարգային պատճառներով, եւ նրանց հասցեին որեւէ գնահատական չի հնչեցվել: «Խորհրդարանի ներկա օրենսդրական փուլում չդիտարկված օրինագծերը ավտոմատ կերպով համարվում են անվավեր: Սակայն իր համար անհրաժեշտ պահին խորհրդարանը կարող է վերադառնալ արձանագրություններին, օրինակ արտգործնախարար Դավութօղլուի միջոցով»,-կարծում է Խ. Հարութունյանը:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից: 2010 թ. ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ թուրքական կողմը չի կատարում առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պայմանը: Այդուհանդերձ, Երեւանը իր ստորագրությունը արձանագրություններից հետ չի կանչել:




























