Իշխանությունների եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երկխոսությունը դա գեղեցիկ շոու է` հրաշալի սցենարով: Այդ մասին օգոստոսի 24-ին կայացած ասուլիսում հայտնել է Ազգային կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, նրանք ուղղակի խոսալու բան չունեն, երբ երկրում «այսքան ահավոր իրադրություն է»:
«Հայաստանում այսօր ամեն ինչ արվում է բիզնեսի համար: Օլիգարխները նստել են խորհրդարանում եւ վարչական ռեսուրսները օգտագործում են իրենց օգտին` դրանով հարստանալով: Նրանք կիսվում են իշխանությունների հետ` ապահովելով իրենց համար հենարան: Բայց ինչի՞ հաշվին է դա արվում: Ժողովրդի, միջազգային վարկերի հաշվին, որոնք պետք է ժողովուրդը փոխհատուցի, ինչպես նաեւ սփյուռքի հաշվին: Վերջիններիս, իմիջայլոց, պարզապես գցել են»,- ասել է Կարապետյանը: Նրա կարծիքով, երկրին համակարգված բարեփոխումներ են անհրաժեշտ: Մասնավորապես, Ժողովրդական կուսակցության ղեկավարը կարծում է, որ օլիգարխները ընդհանրապես խորհրդարանում տեղ չունեն: Նրանց չի կարելի անգամ մոտ թողնել օրենսդիր մարմնին:
«Եւ հետո՞: Ինչի՞ մասին են խոսում կոալիցիան եւ ՀԱԿ-ը: Ինչի՞ մասին ընդհանրապես կարելի է խոսել այս վիճակում: Երկխոսության միակ հավանական ելքը դա այն է, որ Հայոց համազգային շարժում կուսակցությունը 10-ից 12 պատգամավորական աթոռ կստանա խորհրդարանում եւ վերջ»,-հայտնել է նա: Քաղաքական գործչի կանխատեսումներով, Հայաստանում գործող ներկայիս համակարգը հայությանը աղետի առաջ կկանգնեցնի: «Սակայն ես հույս ունեմ, որ այսպես չի մնա»,- նշել է Տիգրան Կարապետյանը:




























