Ադրբեջանի իշխանությունները 8 միլիարդ մանաթ (մոտ 10 մլրդ դոլար) է հատկացնելու երկրի ամբողջ ջրային եւ կոյուղային ցանցերը վերակառուցելու նպատակով, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը` վկայակոչելով իր ներիշխանական հավաստի աղբյուրները:

Աղբյուրը հայտնում է, որ իրականում այդ հսկայական գումարի ծախսման համար լուրջ պայքար է ընթանում ներիշխանական առավել ազդեցիկ կլանների միջեւ:

«Մուսավաթը» հայտնում է, որ ջրային եւ կոյուղային ցանցի վերակառուցման համար հատկացվող գումարները գերազանցապես ապահովվում են արտասահմանյան վարկերի հաշվին: Այդ նպատակով արդեն երկար ժամանակ է, ինչ բանակցություններ են տարվում Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի, Համաշխարհային բանկի եւ վարկեր տրամադրող արտասահմանյան այլ կազմակերպությունների հետ: Միջոցների մի մասն էլ պետական բյուջեն է հատկացնելու: Ծրագրվում է ամբողջովին վերակառուցել կոյուղային ցանցը, կառուցել նոր կոյուղագծեր գերազանցապես արտերկրից բերված նյութերով:

Ադրբեջանը իսկապես ունի կոյուղային ցանցի վերակառուցման կարիք, Բաքվի շրջակա ավաններում, այլ քաղաքներում կոյուղային ցանց դեռ չի կառուցվել, գրում է «Մուսավաթը» եւ հավելում, որ փորձագետները գտնում են, որ հատկացվելիք 8 միլիարդ մանաթը չափազանց մեծ գումար է այդ ծրագրի իրականացման համար:

Աղբյուրը հայտնում է, որ կոյուղային ծրագրի ներքո հատկացվող գումարներն իրականում բաժանվելու են ներիշխանական ազդեցիկ կլանների միջեւ: Մասնավորապես դրա շուրջ պայքար է ընթանում խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի, Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի եւ բանակի գեներալ Բեյլար Էյուբովի միջեւ, սակայն ամենայն հավանականությամբ, կոյուղային միլիարդները հիմնականում կհատկացվեն Էյուբովի կլանին: