Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 22-ին այցելել է զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջեւ` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների մասին:
Կարեւորելով մարտական գործողությունների իրականացման ժամանակ զինվորների եւ հրամանատարների համարձակությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ համարձակությունը ձեւավորվում է միմիայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ցանկացած բարդ իրավիճակներում մենք հասնում ենք հաջողությունների այն զինծառայողների շնորհիվ, ովքեր իրենց կարողությունները օգտագործում են համարձակ կերպով: Յուրաքանչյուր հրամանատար պետք է գնահատի եւ հարգի իր ենթակայի համարձակությունը, իսկ այդ համարձակությունը ձեւավորվում է անհատի անձնական արժանապատվության հարգումով»:
Այնուհետեւ Սեյրան Օհանյանը այցելել է հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել սահմանը պաշտպանող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին: Նախարար հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգեւատրել է արժեքավոր նվերներով:
Պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Վայոց ձորի սահմանամերձ Սերս եւ Խնձորուտ գյուղերի բնակիչներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով եւ խոստացել աջակցել սահմանամերձ այդ համայնքների կենսական մի շարք խնդիրների լուծմանը: Նախարար Օհանյանը բարձր է գնահատել հուլիսի 22-ին զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարից հետո Սերս համայնքի բնակիչների ցուցաբերած առաջին օգնությունը: Նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել համայնքի բուժքույր Զինա Մինասյանին` վիրավոր զինծառայողներին արագ կերպով առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:




























