Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է պաշտպանության նախարարությանը: Այդ մասին այսօր` օգոստոսի 24-ին հայտարարեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների`պաշտպանության նախարարությանը ձվի մատակարարման պայմանագիրը շահել է «X գրուփ» ընկերությունը, որի կազմում է «Արաքս» թռչնաֆաբրիկան:
Գ. Բաղիյանը հավաստիացրեց, որ Հայաստան ներկրվող ձվերն անցնում են պատշաճ փորձաքննություն, որի արդյունքում 350 հազար ձու ետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով:
Փոխնախարարը ասաց նաեւ, որ այս տարի հանրապետությունում ձվի արտադրությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով: Յոթ ամսվա տվյալներով արտադրվել է մոտ 380 մլն հատ ձու: Ձվի արտադրության անկումը Գ. Բաղիյանը բացատրեց թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով, ինչպես նաեւ մասնավոր տնտեսություններում հիվանդություններից առաջացած անկումներով: «Մինչեւ տարեվերջ ձվի արտադրությունը կաճի»,- խոստացավ փոխնախարարը:




























