Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուսով է, որ Երեւանում գործոզ ավազակախումբը շուտով կվնասազերծվի: Իր կարծիքը գլխավոր դատախազը հայտնել է օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, տվյալ հարցով համատեղ քննարկում է կայացել ոստիկանության ներկայացուցիչների հետ, մեկ ընդհանուր գործում են ներառվել նման ձեռագիր ունեցող մի քանի գործերը: «Հաշվի առնելով, որ բոլոր այդ հանցագործություններն իրականացվել են կազմակերպված զինված խմբի կողմից, ես հրահանգել եմ դրանք վերաորակել որպես ավազակային հարձակում»,- նշել է Հովսեփյանը: Նա ասել է, որ գործով դեռ ձերբակալվածներ չկան:
Գլխավոր դատախազն արձանագրել է ավազակային հարձակումների թվի աճ: Եթե 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ավազակային հարձակման 59 դեպք, ապա 2011-ի առաջին կիսամյակում` 72: Նա միաժամանակ կայուն է գնահատել հանցավորության ընդհանուր մակարդակը:
Նշենք, որ ըստ գլխավոր դատախազության, ավազակային մի քանի հարձակումների դեպքում միեւնույն ձեռագիրն է նկատվում։ Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-ից 6-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5 մարդ, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Ավազակային հարձակում):




























