Ողջ գիշեր շարունակվող որոնողական աշխատանքներից հետո oգոստոսի 24-ին` առավոտյան ժամը 10.30-ին, Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամներ Արտավազդ Գալստյանը, Գեղամ Մարգարյանը եւ Վալտեր Ստեփանյանը Սեւանի հիվանդանոցին հարակից ճահճուտներում հայտնաբերել են 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանին` անվնաս վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` գիշերը երեխան անց է կացրել ճահճուտում` ծառի տակ քնած: Երեխան պարզապես չի արձագանքել փրկարարների ու հարազատների կանչերին:

Երեխայի հայրը` Արթուր Սիրամարգյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են որոնումներին եւ պատմել, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը. «Ընտանիքներով եկել էինք Սեւանի ափին հանգստանալու: Առավոտյան Էդուլիկն իր փոքր եղբոր Սամվելի հետ ափից հեռու խաղում էր: Հետո երեխաները սկսեցին վազվզել: Քրոջս աղջիկը գնաց նրանց հետեւից, բայց Էդուլիկն արդեն այնտեղ չէր: Զանգեցի փրկարար ծառայություն: Սկսեցինք երեխային փնտրել: Երբեք չէի պատկերացնի, որ նրանք ամբողջ օրն ու գիշերը, մի մարդու նման կմասնակցեն որոնողական աշխատանքներին եւ կօգնեն գտնելու մեր երեխային»,- պատմել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին`ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա`  հանգստյան գոտում անհետացել է 5 տարեկան երեխա եւ նրան որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ, 2006թ. ծնված Էդուարդ Սիրամարգյանը չէր հայտնաբերվել: