Հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանի օրակարգից դուրս բերելը Թուրքիայի կողմից հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորումը ձախողելու ապացույց է։ Օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։

Սակայն, չնայած նրան, որ արձանագրությունները հանվել են օրենսդրական շրջանակներից, դրանք, այնուամենայնիվ, շարունակում են մնալ Թուրքիայի քաղաքական կյանքի օրակարգում։

Նա նաեւ նշեց, որ այս քայլով Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանդեպ իր ապակառուցողական տրամադրվածությունը։ Հայաստանը, մինչդեռ, ապացուցեց, որ վստահելի գործընկեր է։

Թուրքագետը նաեւ տեսակետ հայտնեց, որ մոտ ժամանակներս արձանագրությունները հազիվ թե կրկին հայտնվեն թուրքական խորհրդարանի օրակարգում։

Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին 2009 թվականի հոկտեմբերին՝ Ցյուրիխում։ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը դադարեցնում է արձանագրությունների վավերացումը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։