Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստացել է հանրությանը տեղյակ պահել կենսաթոշակների վճարման ոլորտում առկա մեքենայությունների հետաքննության արդյունքների մասին։
Գլխավոր դատախազը, օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցում պատասխանելով այդ մեքենայությունների հետաքննման վերաբերյալ հարցին, նկատեցլ է, որ ստուգումներ են անցկացվել Վերահսկիչ պալատի, Ֆինանսների նախարարության եւ դատախազության կողմից։ Մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնք հետագայում միավորվել են մեկ վարույթում։ «Խոսքը մեծ գումարների մասին է։ Գործի քննության համար հետաքննչական մեծ խումբ է ստեղծվել»,- ասել է Աղվան Հովսեփյանը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, կենսաթոշակների վճարման համակարգում ստուգումների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ կապված խախտումներ էին հայտնաբերվել։ Զանազան մեքենայությունների ճանապարհով 2009-2010թ.թ. Հայաստանի պետբյուջեից յուրացվել է առանձնակի մեծ չափերի գումար՝ 113 մլն 181 հազար 900 դրամ։



























