Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվելու Հայաստանի Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանի դեմ: NEWS.am-ի աղբյուրները նաեւ հայտնեցին, որ օրեր առաջ նա ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց այս տեղեկությունը եւ նշեց, որ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվել Ստեփան Կարախանյանի` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների փաստով: Խոսքը մոտ 58 մլն դրամ արժողությամբ բենզին յուրացնելու մասին է:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ առայժմ քրգործ  չի հարուցվել:

Նշենք, որ այսօր թերթերից մեկը գրել էր, որ այս ամենն ուղղված է Մարգար Օհանյանի պաշտոնանկության համար հող նախապատրաստելուն:  «Ընդ որում, սրա հետեւում կանգնած է ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը, որը մտադիր է ամեն գնով հասնել իր ենթակայի պաշտոնաթողությանը»,- գրել էր «Հրապարակը»: