«Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է պաշտպանության նախարարությանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը` ավելացնելով, թե վերջերս 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով:
«Գ.Բաղիյանի հրապարակած թվերը սակայն, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների համաձայն, 2011 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկվել 15 մլն 100 հազար հատ ձու: Այսինքն` իրականում ամսական Հայաստան է ներկրվում ոչ թե 1 մլն հատ ձու, ինչպես պնդում է Բաղիյանը, այլ` ավելի քան 2.5 մլն հատ ձու: Մինչդեռ, հայաստանյան որեւէ խանութում որեւէ մեկը չի կարող գնել ձու, որի վրա մակնշված լինի, որ այն արտադրվել է արտերկրում, դիցուք` նույն Ուկրաինայում: Այսինքն` եթե ներկրվող ձվի քանակից հանենք բանակին մատակարարվող ձվի տվյալներ, ստացվում է, որ ամսվա կտրվածքով առնվազն 1.5 մլն հատ ձու «անհետանում» է Հայաստանում: Բնականաբար, իրականում այդ ձվերը ոչ թե անհետանում են, այլ վաճառվում են հայաստանյան շուկայում` տեղական որեւէ թռչնաֆաբրիկայի մակնիշավորմամբ: Ի դեպ, Գ. Բաղիյանը տեղական ձվի արտադրության անկումը բացատրում է թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով: Իրականում սակայն տեղական թռչնաֆաբրիկաները չեն դիմանում այն մրցակցությանը, որն առաջանում է ներկրվող գրեթե կրկնակի էժան ձուն տեղական արտադրության ձվի անվան տակ վաճառելու արդյունքում»,- գրում է «168 ժամ»-ը:



























