Վերլուծությունները չեն բացառում, որ մի քանի ավազակային հարձակում իրականացրած խմբավորման մեջ ներառված են իրավապահ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ: Այդ մասին այսօր` օգոստոսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

« …այնպիսի հմտություններ են դրսեւորում, որ ենթադրում ենք նախկին հատուկ ջոկատների, հատուկ խմբավորումների անդամներ են, ինչու չէ` մեր համակարգի, կամ մյուս համակարգերի, ովքեր ունեն այդ փորձը: Նրանք աշխատում են բացառել բոլոր այն սխալները, որ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ոստիկանապետը համակարծիք է գլխավոր դատախազության այն որակման հետ, որ գործ ունենք բանդիտիզմի հետ, թեեւ նախկինում այդ հանցագործությունները որակվում էին որպես ավազակային հարձակումներ: «Իհարկե դա բանդիտիզմ է, ես համաձայն եմ: Ամիսներ շարունակ կրկնվող հանցագործություն է, որը մինչ այդ որակվելէ որպես ավազակային հարձակում: Բայց քանի որ կրկնվում է, արդեն գործող բանդիտական խմբին հատուկ հանցագործություն է իր բոլոր հատկանիշներով` բնակարան մուտք գործելուց սկսած»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, որում ընդգրկվել են համակարգի լավագույն աշխատակիցները: «Ուղղակի ուզում եմ հավատացնել ձեզ, չասեմ հավաստիացնել, որ կարճ ժամանակում այս գործը բացահայտելու ենք: Քանի որ այն հղի է շատ ավելի բարդ եւ վտանգավոր հետեւանքներով, հակառակ դեպքում կունենանք ավելի խայտառակ պատկեր, եւ մեր քաղաքացիներին դժվար կլինի պատասխան տալ: Ունենք որոշակի տվյալներ, որը լուրջ մշակման կարիք ունի»,- ասաց ոստիկանապետը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մեկ անգամ չէ, որ հաղորդվել է այդ թվում՝ հայտնի մարդկանց տների վրա կատարված ավազակային հարձակումների մասին։ Այսպես, օրերս թալանվել էր Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը։ Հանցագործները ծեծի էին ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակել գումար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ։ Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա։ Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա։

Գլխավոր դատախազի ցուցումով բոլոր գործերը ընդգրկել են մեկ ընդհանուր քրեական գործում: