Քաղաքագետ Սուրեն Զոլյանը լուրջ չի վերաբերում իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությանը, քանի որ նրանք, ըստ էության, բանակցելու առարկա չունեն։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով երկխոսության ներկայիս փուլին։

Սուրեն Զոլյանի խոսքով, բանակցող կողմերը, իմանալով, որ իրենց տեսակետները տրամաբանորեն տարբեր են եւ միմյանց համար անընդունելի, առնվազն պետք է 5 րոպեանոց քննարկում ունենային, եւ ամեն ինչ դրանով էլ ավարտվեր։ «Երկխոսությունը լուրջ արդյունքներ չի ունենա»,- ամփոփեց քաղաքագետը։

Նշենք, որ իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին։ Ռաունդներով տեղի ունեցող հանդիպումներից հաջորդը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 26-ին։