Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման հարցն առայժմ դրված չէ: Նման հայտարարությամբ այսօր` օգոստոսի 25-ին հանդես եկավ  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Մ. Օհանյանի պաշտոնանակության հետ կապված լուրերը:

Ներկայացնում ենք Ա. Սարգսյանի հետ ճեպազրույցից մի հատված.

Ճիշտ է՞, որ ձեր եւ Մարգար Օհանյանի հարաբերությունները լարված են….

…Նույն Ներսիկ Նազարյանի թեման շահարկեցիք տարիներ շարունակ: Միգուցե աշխատանքային պրոցեսում հարցեր են լինում, որ քննարկման առիթ են դառնում: Բայց դա չի նշանակում, որ իրա հետ խնդիր ունեմ միասին չաշխատելու: Նունը ասում եմ Մարգար Օհանյանի մասին: Նրա հետ երկար տարիների ամենալավ մարդկային հարաբերություններ ենք ունեցել, այսօր էլ իրար թշնամի համարվել չենք կարող, դրա կարիքը ընդհանրապես չկա: Բայց ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ համապատասխան ինֆորմացիա ենք ստացել, որ կան լուրջ չարաշահումներ: Հանձնարարել եմ 6-րդ գլխավոր վարչությանը եւ էլի համապատասխան ծառայությունների, միջոցներ ձեռնարկել, ստուգել օպերատիվ ինֆորմացիան: Ստուգման արդյունքում բացահայտվեցին մի քանի հանգամանքներ, որոնք ոչ ներելի էր, ոչ թաքցնելու էր, ոչ էլ ես իմ տեսակով դա կարող էի մարսել, կներեք: Այսօր, երբ ոստիկանությունը վառելիքի լուրջ խնդիր ունի, գիտեք վիճակը, կրճատումներ կան որոշակի, ինչու չէ` վառելիքի գնի թանկացման հետ կապված խնդիրներ են: Այս պարագայում ճանապարհային ոստիկանությունում չարաշահումներ են եղել վառելիքի յուրացման հետ կապված: Ես արդյո՞ք կարող էի դրա նկատմամբ անտարբեր լինել կամ ներողամիտ…

Բայց դա կհանգեցնի՞ Մ. Օհանյանի հրաժարականին…

Այս պահին հայտարարում եմ` Մարգար Օհանյանի գործունեության հետ կապված որեւէ ցուցում անձամբ իր անձի հետ կապված էս չկա: Այլ հարց է ….երեկ ես գործը ուղարկել եմ հատուկ քննչական ծառայություն: Եւ վառելիքի հետ կապված, եւ վարորդական վկայականների տրամադրման հետ կապված մեկ քրեական գործ է հարուցվել: Առայժմ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման հարցը դրված չէ, որովհետեւ պետք է կարողանանք հիմնավորել` նա այս ամեն ինչից տեղյակ է՞, թե՞ ոչ: Անշուշտ` եթե նա տեղյակ լինի` ըստ քննության բացահայտման, եւ ցուցմունքներ լինեն, որ այս վառելիքից նա էլ է օգտվել, հասել է նրան մասնաբաժին, ինչի՞ մասին է խոսքը…Այս պահին նրա վրա որեւէ բան չկա, եւ նա պնդում է, որ որեւէ առնչություն չունի:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվելու Հայաստանի Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանի դեմ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների փաստով: Խոսքը մոտ 58 մլն դրամ արժողությամբ բենզին յուրացնելու մասին է: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Կարախանյանը Մարգար Օհանյանի մտերիմն է, եւ շուտով ՃՈ պետը հրաժեշտ է տալու իր պաշտոնին: