Հայաստանի բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 27-ից Հայաստանում բացվել է սիրողական որսի շրջանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Օգոստոսի 27-ից կարելի է որսալ հետեւյալ կենդանիներին` լոր (մինչեւ հոկտեմբերի 31-ը), աղավնիներ (մինչեւ 2012 թ. հունվարի 31-ը), կտցարազգիներ (մինչեւ հոկտեմբերի 31-ը, բացառությամբ Կարմիր գրքում գրանցվածների), արտույտներ (մինչեւ հոկտեմբերի 31-ը), սարյակ եւ կեռնեխներ (մինչեւ հոկտեմբերի 31-ը), մոխրագույն ագռավ եւ կաչաղակ (մինչեւ 2012 թ. փետրվարի 28-ը):

Սեպտեմբերի 15-ից կարելի է որսալ ջրլող թռչուններ (մինչեւ 2012 թ. փետրվարի 29-ը):

Նոյեմբերի 1-ից թույլատրվում է քարակաքավի, աղվեսի, վայրի խոզի, նապաստակի որսը:

Նշենք, որ այս տարվա հրմանում ոչինչ ասված չէ կզաքիսի, գայլի եւ շնագայլի մասին:

Սովորաբար սիրողական որսի սեզոնի սկիզբը Հայաստանում օգոստոսի նախավերջին շաբաթ օրն է։ Այդ կանոնը գործում է դեռ խորհրդային տարիներից։ Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի բնապահպանության նախարարությունը 1 շաբաթով հետաձգեց որսաշրջանի սկիզբը։ Դա տեղի է ունենում այն դեպքերում, երբ գարնանային եւ ամառային անձրեւների հետեւանքով լորի ձուն փչանում է, ուստի պետք է սպասել երկրորդ ձվադրմանը: