Արտաքին տեսքի նմանությամբ արտադրված կոնյակները սպառնում են Երեւանի կոնյակի գործարանի մասնաբաժնին։ Այս մասին, ինչպես հաղորդվում է WikiLeaks-ի վերջին հրապարակումներից մեկում, հայտարարել է ԵԿԳ նախկին տնօրեն Էրվե Կարոֆֆը,ով գործարանը ղեկավարել է 2004-2007 թվականներին։ Հիշեցնենք, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի սեփականատերը ֆրանսիական Pernod Ricard ընկերությունն է։
Նմանօրինակ ապրանքարտադրողների թվում Կարոֆֆը նշել է Երեւանի «Նոյ» գինու, կոնյակի եւ օղու կոմբինատը, որի սեփականատերը գործարար-քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանն է։
Ինչպես նշում է Wikileaks-ը, սպասվում էր, որ «Նոյ» գործարանը կօգտագործի «Արարատ» պիտակը, որի իրավունքն ունի օգտագործել գինու, բայց ոչ կոնյակի համար։ «Ֆիրման սկսել է կասկածելի ծագման նմանատիպ կոնյակ արտադրել»,- նշված է հրապարակման մեջ։
Էրվե ԿարոՖֆը հայտարարել է Wikileaks-ին, որ կոնյակի որակի մոնիթորինգային հանձնաժողով ստեղծելու շուրջ բանակցություններ է վարել գյուղնախարարությունում, սակայն նման հանձնաժողովի հեռանկարները իր մոտ կասկածներ են հարուցել, երբ իրեն ասել են, որ կոնյակի արտադրությունն ազդեցիկ դեմքերի համար հրապուրիչ բիզնես է։
Կարոֆֆը նաեւ հայտարարել է, որ պաշտոնական վիճակագրությունն ուռճացնում է խաղողի բերքի տվյալները, որպեսզի թաքցնի այլ արտադրողների կողմից կեղծ կոնյակ թողարկելու փաստը։ Այսպես, 2005 թվականին, Կարոֆֆի հայտարարությամբ, Հայաստանում խաղողի բերքը կազմել է ոչ ավել, քան 60 հազար տոննա, այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով այդ ծավալը կազմել է 130 հազար տոննա։
Համաձայն Կարոֆֆի՝ կեղծ կոնյակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 5-6 տարի առաջ հիմնադրված ընկերությունը 20 տարվա հնեցման կոնյակ է արտադրում։




























